26 մարտի 2012 - 18:30 AMT
Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը

Մարտի 26-ին Ծաղկաձորում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը, որին մասնակցել են ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարի տեղակալ Տոկտասին Բուզուբաևը, ԱՊՀ անդամ երկրների սպորտի բնագավառի պատասխանատու նախարարներ, Հայաստանի մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի շրջանակներում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ երկրներում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ վարվող պետական քաղաքականության խնդիրներ, ԱՊՀ անդամ պետություններում մինչ 2020 թվականը սպորտի զարգացման ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ հարցեր, շախմատի զարգացման հեռանկարները ԱՊՀ երկրներում, ԱՊՀ անդամ երկրներում հռչակված սպորտի և առողջ ապրելակերտի տարվա միջոցառումների ցանկի հետ կապված հարցեր, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունից:

Երկօրյա աշխատանքների արդյունքում նախատեսվում են զեկույցներ ԱՊՀ անդամ երկրներում ալպինիզմի զարգացման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամների կողմից, ինչպես նաև 2012 թվականի սեպտեմբերին նախատեսված ԱՊՀ անդամ երկրների 8-րդ միջազգային սպորտային խաղերի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: