26 մարտի 2012 - 19:05 AMT
Կրթության նախարարը հանդիպել է «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Սեյվ դը չիլդրեն» և «Ապագան քոնն է» կազմակերպությունների կողմից իրականացված «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի «Երեխան երեխայի համար» խմբերում ներգրավված աշակերտներին: Երեխաները ներկայացնում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցները: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից` նախարարը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ նմանատիպ ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձևավորել ՀՀ լիարժեք և կայացած քաղաքացի, իր նպաստն է ներդնում պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործում:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ աշակերտակենտրոն դպրոցի գաղափարն այլընտրանք չունի և այդ համատեքստում անդրադարձել աշակերտական խորհուրդների գործունեությանը՝ հույս հայտնելով, որ դրանց գործունեությունը չի լինի ձևական, այլ իրականում աշակերտը լիարժեք կինտեգրվի դպրոցական անցուդարձի մեջ: Նա նաև հավելել է, որ նախատեսվում է ստեղծել հանրապետական աշակերտական խորհուրդ, որը կհամակարգի աշակերտների ներգրավվածությունը կրթական բոլոր գործընթացներում, հետադարձ կապ կապահովի նախարարի և դպրոցականների միջև և պարբերաբար նախարարին կտեղեկացնի կրթական բոլոր բարեփոխումների վերաբերյալ աշակերտների մոտեցումները:

Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տեղական ինքնակառավարման մարմիններում երեխաներին վերաբերող հարցերի շուրջ վերջիններիս մասնակցության, երեխաների իրավունքների և պարտականությունների, օրենսդրության մեջ երեխաների նկատմամբ բռնության հստակ սահմանման, ինչպես նաև մանկական, կրթական և ճանաչողական հաղորդաշարերի, հեռուստաեթերի լեզվի հստակ չափանիշների սահմանման, դպրոցից դուրս երեխաների ժամանցի կազմակերպման և դպրոցական խաղահրապարակներին հարցերին:

Անդրադառնալով կրթական հաղորդաշարերին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ նախատեսվում է ավագ տարիքի երեխաների համար ստեղծել կրթական զվարճալի ինտելեկտուալ հաղորդաշարեր և խոստացել է դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավել նաև աշակերտներին: