26 մարտի 2012 - 19:12 AMT
Տարոն Մարգարյան. Գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ պետք է հասնի 1200-1300-ի

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադարձել է Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցին և նշել է, որ առաջիկայում այն կհաստատվի ու հանձնարարել է ներկայացնել ըստ այդմ հայտարարվող մրցույթի ժամանակացույցը և բնակչությանը իրազեկել երթուղիների ուղղությունների մասին, PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Գործող մոտ 2500 միկրոավտոբուսների թիվը մինչ տարեվերջ մենք պետք է կրճատենք և հասցնենք 1200-1300 հատի:

Զուգահեռաբար դրանք պետք է փոխարինենք մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներով»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև մայրաքաղաքում փողոցների լուսավորության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի մասին: Քաղաքապետը հանձնարարել է դրանց իրականացման հստակ ցանկը տրամադրել նաև վարչական շրջանների ղեկավարներին: