27 մարտի 2012 - 14:02 AMT
ՄԱԿ. Հայաստանում արգելքներ կան տեղի գյուղարտադրանքն արտահանելու համար

Գյուղատնտեսության ոլորտը բացառիկ դեր է խաղում երկրի տնտեսության զարգացման գործում, և ՄԱԿ-ը աջակցում է դրա բարելավմանն ու զարգացմանը: Այս մասին մարտի 27-ին Երևանում «ՀՀ գյուղատնտեսության զարգացման խնդիրները պարենային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան: «Ուրախ եմ, որ Հայաստանում պարենային անվտանգության խնդիրներին շատ ուշադրություն է դարձվում, կան կառույցներ և փորձագետներ, որոնց աշխատանքները ուղղված են դրանց լուծմանը: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, և մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել»,-ընդգծել է նա:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ Հայստանում կա առանձին գյուղատնտեսական հողատարածքների միավորման խնդիր, ինչը կնպաստեր դրանց մրցունակության բարձրացմանը: «Չնայած որ Հայաստանում արտադրված ապրանքները բարձր որակի են, այնուամենայնիվ, արտահանման համար կան բազմաթիվ արգելքներ, ուստի անհրաժեշտ է մշակել գյուղատնտեսական քաղաքականություն, որն առայժմ բացակայում է»,-հավելել է նա:

Ինչպես հաղորդել է Դաֆինա Գերչևան, 2012թ ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում իրականացնել բազմաթիվ ծրագրեր` ուղղված գյուղատնտեսական քաղաքականության մշակմանը, տեխնիկական աջակցման ցուցաբերմանը: