19 մարտի 2004 - 23:11 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ» ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑԵԼ
Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» շարքերում դժգոհություն է առաջացել: Ըստ ադրբեջանական մամուլի` այդ դժգոհության հիմնական պատճառն այն է, որ վերջին շրջանում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով Ադրբեջան ժամանող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպում են միայն «Շուշիի շրջանի գործադիր կոմիտեի» ղեկավար Նիզամի Բահմանովի հետ, այն դեպքում, երբ նախկինում նրանք հանդիպումներ էին ունենում համայնքի այլ ներկայացուցիչների հետ եւս: Ինչպես նշում են թերթերը, «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները միակարծիք չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Նրանցից շատերը Ն. Բահմանովին մեղադրում են այն բանում, որ միջնորդների հետ հանդիպումների ժամանակ նա «վճռական դիրքորոշում» չի ցուցաբերում ղարաբաղյան հարցում: Մինչդեռ «համայնքի» ներկայացուցիչների մեծ մասը գտնում է, որ «հայրենի» տարածքները հնարավոր է «ազատագրել» միայն պատերազմի ճանապարհով: