27 մարտի 2012 - 17:46 AMT
Սեյրան Օհանյանը բանակի խնդիրները քննարկել է «Պատմության և մշակույթի էջերի» մասնակիցների հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության ու մշակույթի գործիչների հետ: Նախարարը կարևորել է համագործակցությունն ու կապերի սերտացումը բանակի ու հասարակության այլ շերտերի միջև: «Ունենալ հոգևոր արժեքներով դաստիարակված երիտասարդություն կնշանակի ունենալ անվտանգության երաշխիքներ»,-ասել է Սեյրան Օհանյանը: ՊՆ ղեկավարը նշել է, որ ծրագիրը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում, 163 գիտնական ծրագրի շրջանակներում այցելել է 241 զորամաս:

Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ երիտասարդությունը ձերբազատվի օտարամոլությունից ու առաջնորդվի ազգային արժեքներով:

Նախարարն անդրադարձել է նաև բանակում առկա խնդիրներին՝ նշելով, որ որպես դրանք արմատախիլ անելու միջոց նա կարգադրել է հրաժարվել որպես արդարացում օգտագործվող «այլ երկրների բանակներում ևս լինում են նման դեպքեր», կամ «բանակը հասարակության հայելին է» արտահայտություններից:

Հանդիպման ավարտին մի շարք մասնակիցներ պարգևատրվեցին պատվոգրերվ ու ՊՆ գերատեսչական մեդալներով: