27 մարտի 2012 - 18:48 AMT
Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչը կարծում է, որ կառավարությունը կարող էր մեծ արդյունքների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան կարծում է, որ երկրի կառավարությունը կարող էր մեծ հաջողությունների հասնել կոռուպցիայի և արտագաղթի հետ պայքարում: «Հայաստան ժամանելու պահից ի վեր՝ երկու տարի առաջ, ես առաջընթաց տեսա տեսա կոռուպցիայի և արտագաղթի հետ պայքարի ճանապարհին, կցանկանայի, որպեսզի արդյունքներն ավելի լավը լինեին, այնուամենայնիվ, ես դարձել եմ այն տեխնիկական աշխատանքի ականատեսը, որը կատարել է կառավարությունն այս ուղղությամբ»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:

Ինչ վերաբերվում է գործարար միջավայրի բարելավմանը, ապա այստեղ նույնպես Գիյերմո Տոլոսան որոշակի հաջողություններ է նշել, մասնավորապես, օնլայն ռեժիմով բիզնեսի գրանցման գործընթացը, մրցակցության և օրենսդրական դաշտի բարելավումը:

«Գործարար միջավայրի բարելավումը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի սոցիալական բաղադրիչի բարելավմանը»,- ասել է նա:

Իր հերթին ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորտոնը նշել է, որ ողջ աշխարհում նշվում են գործարար միջավայրի բարելավման միտումներ: Հայաստանի առումով նա նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կհանգեցնի երկրում ներդրումների հոսքի ավելացմանը: