28 մարտի 2012 - 12:19 AMT
Մահացել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը

Այսօր` մարտի 28-ին 92 տարեկան հասակում մահացել է ականավոր հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի լրագրողին հայտնեցին Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորումից:

Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թ-ին Երևանում: 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրի բաժինները, 1946–48 թթ-ին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան ստուդիայում: 1954–91 թթ-ին եղել է Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1970–2008 թթ-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թ-ից՝ պրոֆեսոր):

Հարությունյանի առաջին ծավալուն երկերից են «Հանդիսավոր ձոն և քայլերգ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար և Դաշնամուրի կոնցերտը: 1940–50-ական թվականներին նրա ստեղծած խոշոր կտավի ստեղծագործություններից են «Հայրենիք» կանտատը, որտեղ սերտորեն միահյուսված են ազգային դասական երաժշտությունը և գեղջկական ու գուսանական երգը, «Տոնական նախերգանքը»՝ նվագախմբի, Կոնցերտը՝ շեփորի և նվագախմբի, «Հայկական ռապսոդիան» (համահեղինակ՝ Առնո Բաբաջանյան)՝ երկու դաշնամուրի, «Մեր հին երգերը» ռապսոդիան՝ դաշնամուրի և նվագախմբի համար, «Հայաստանի պարերը» սիմֆոնիկ սյուիտը և այլն: Դրամատիզմով հագեցած «Ասք հայ ժողովրդի մասին» քառամաս վոկալ-սիմֆոնիկ պոեմը ժամանակակից հայ երաժշտության արժեքավոր ձեռքբերումներից է: Հայտնի է նաև նրա «Հայաստան 88» ստեղծագործությունը:

Հարությունյանը գրել է երաժշտություն թատրոնի և կինոյի («Ուրվականները հեռանում են լեռներից» (1955 թ.), «Սիրտն է երգում» (համահեղինակ՝ Կոնստանտին Օրբելյան, 1956 թ.), «Իմ ընկերոջ մասին» (1958 թ.), «Նահապետ» (1977 թ.), բոլորը` Հայֆիլմ) համար:

Հարությունյանն արժանացել է բազմաթիվ մեդալների: