28 մարտի 2012 - 17:12 AMT
2012-ը «Նարեկացի» արվեստի միությունում հայտարարվում է լեհական կինոյի տարի

Վաղը՝ մարտի 29-ին լեհ ռեժիսոր Յուլիուշ Մախուլսկու «Վա-բանկ» կատակերգությամբ «Նարեկացի» արվեստի միության կինոսրահում սկսվելու է «Լեհական կինոտարի» փառատոնը: Այն անցկացվելու է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համատեղ:

Կինոտարվա ընթացքում հայերեն ենթագրերով ներկայացվելու են լեհական կինոյի դասական և ժամանակակից 10 ֆիլմ: Կինոտարվա դիտումները տեղի են ունենալու յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը և ուղեկցվելու են կինոգետի կամ կինոգործչի մասնակցությամբ քննարկումներով:

Կինոտարվա առաջին ֆիլմը ռեժիսորին համբավ բերած «Վա-բանկ» դրամատիկ կատակերգություն է:

Ֆիլմի գլխավոր հերոսն արջորս Հենրի Քվինթոն է, ով կյանքի վերջին վեց տարիներն անցկացնելով բանտախցում` ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից որոշում է կտրուկ փոխել իր կենսակերպն ու հրաժարվել հանցավոր աշխարհում ունեցած մեծ հեղինակությունից: Սակայն մտերիմ ընկերոջ մահվան բոթը Հենրիին ստիպում է վերանայել իր որոշումը:

Հենրի Քվինթոյի կերպարը մարմնավորել է ռեժիսորի հայրը` լեհական թատրոնի և կինոյի հայտնի ռեժիսոր և դերասան Յան Մախուլսկին: «Վա-բանկ»-ը մեծ հետք և ազդեցություն է ունեցել ինչպես լեհական կինոյի պատմության մեջ, այնպես էլ Յուլիուշ Մախուլսկու ստեղծագործական հետագա կյանքում: Հաջողություն, որ ռեժիսորը պարբերաբար փորձել է հետ բերել` նկարահանելով «Վա-բանկ 2», «Վինչի կամ Վա-բանկ 3»` իրենց նշանակությամբ առավել համեստ ֆիլմերը:

Բոլոր ցուցադրությունների մուտքը լինելու է ազատ: