Ապրիլի 19-ին Ժնևի Auditoire de Calvin համերգասրահում ելույթ է ունենալու Գյուրջիևի անվան ժողովրդական գործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկէնյան): Համերգն իրականացվելու է «100 համերգ» նախագծի շրջանակում: Համերգաշարը նախաձեռնել են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամն ու ՀՀ Մշակույթի նախարարությունը:
Այն նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի ժնևյան համերգը կազմակերպել է «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը (նախագահ` մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյան): Համերգի ընթացքում հնչելու են հայ միջնադարյան վարպետների, աշուղների ստեղծագործությունները, ինչպես նաև, հոգևոր և ժողովրդական երաժշտություն:
Բացի դրանից, խումբը ապրիլի 20-ին ելույթ է ունենալու Շվեյցարիայի Շտանս քաղաքում:
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հաջորդ համերգը տեղի է ունենալու նույն վայրում` ապրիլի 29-ին: Այստեղ ելույթ են ունենալու Վարդուհի Խաչատրյանը և դաշնակահար Հայկ Մելիքյանը` իրենց իսկ նախաձեռնված Ave Maria անվամբ ծրագրով:
Գուրջիևի անվան ժող. նվագարանների համույթը հիմնադրվել է 2008թ. Լևոն Իսկէնյանի կողմից և իր առաջին համերգը տվել է Գյուրջիևի հայրենիքում` Գյումրիում: Բացի դրանից, խումբը ելույթ է ունեցել Հրազդանում, Չարենցավանում, Վանաձորում և այլ քաղաքներում: Նրանք ներկայացնում են հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ.Ի.Գյուրջիևի երաժշտությունը ժողովրդական գործիքներով: