29 մարտի 2012 - 12:49 AMT
Մանվել Ղումաշյան. ԵԱՀԿ ՄԽ-ն վերջին խոչընդոտն է Ղարաբաղում պատերազմի վերսկսման ճանապարհին

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ, անկախ նրանից, որ Մինսկի խումբը չի հասել իր նպատակին՝ ղարաբաղյան կարգավորմանը, նա դրական է գնահատում նրա գործունեությունը անցած 20 տարիներին: Ղումաշյանը նաև հիշեցրել է, որ ՀՀ նախագահը ևս դրական է գնահատել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը համանախագահ երկրներին ուղղված ուղերձում: Եվ հակառակը, ըստ բանախոսի, Բաքուն մշտապես քննադատում և դժգոհություն է հայտնում խմբի գործունեությունից՝ ձգտելով փոխել ձևաչափը: Սակայն, բանն այն է, որ Ադրբեջանը հասկանում է, որ այս պահին դա միակ քիչ թե շատ աշխատող կարգավորման մեխանիզմն է, ուստի բացասական հայտարարություններից այն կողմ չի գնում, հայտարարել է փորձագետը: Ըստ Ղումաշյանի, Մինսկի խումբն այժմ Ղարաբաղում խաղաղության երաշխավորներից մեկն է, և միայն դա թույլ է տալիս դրական գնահատել նրա գործունեությունը: Ըստ Ղումաշյանի, ԵԱՀԿ ՄԽ-ն միակ խոչընդոտն է Ղարաբաղում պատերազմի վերսկսման ճանապարհին: