24 մարտի 2004 - 18:21 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԲԱՑԻ ԻՐ ԴՌՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ
Մոտակա ժամանակներս Ադրբեջանում կհայտնվեն ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումներ: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք կբերվի այս շաբաթվա ընթացքում` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Վաշինգթոն կատարելիք պաշտոնական այցի ժամանակ, տեղեկացնում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» թերթը` վկայակոչելով իրազեկ դիվանագիտական աղբյուրները: Թերթի տվյալներով` այցի ընթացքում կհայտարարվի այն մասին, որ Պենտագոնը կզբաղվի ադրբեջանցի զինվորականների պատրաստականությամբ` ինչպես մինչ այդ Վրաստանում: Բացի այդ, շարունակում է թերթը, ԱՄՆ շահագրգռված է Ադրբեջանի ռազմական օդակայանների արդիականացմամբ եւ վերակառուցմամբ, որպեսզի այստեղ շատ կարճ ժամանակահատվածում տեղակայի ամերիկյան արագ արձագանքման ստորաբաժանումների ուժերը: Նաեւ վերջնականորեն կհամաձայնեցվեն ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության անհատական պայմանագրի բոլոր դրույթները, որը կարող է երկրին օգնել ստանալու դաշինքի անդամության թեկնածուի կարգավիճակ: