29 մարտի 2012 - 13:32 AMT
Հայաստանում երիտասարդ գիտնականների դպրոց կկազմակերպվի

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան բաժանմունքն այս տարի երիտասարդ գիտնականների դպրոց կկազմակերպի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Համլետ Նավասարդյանը:

«Դպրոցը կանցկացվի Ծաղկաձորում այս տարվա հուլիսին: Նպատակն է երիտասարդ գիտնականներին աջակցել իրենց մշակումները հանրությանը ներկայացնելու ու կյանքի կոչելու գործում: Համապատասխան ժյուրին կընտրի շահող նախագծերը, որոնք հետագայում կիրագործվեն»,- նշեց նբանախոսը:

Կենտրոնի տնօրենն ասաց, որ դպրոցում երիտասարդները կանցնեն համապատասախան դասընթացներ այն մասին, թե ինչպես ներկայացնել մշակումը, ինչպես պաշտպանել իրենց ինտելեկտուալ սեփականությունը, ինչպես ճիշտ գրել նախագծերը, ինչպես պատրաստել բիզնես պլան և այլն:

Խոսելով կենտրոնի գործունեության մասին` Համլետ Նավասարդյանը նշեց, որ իրենք նաև հեռահար (օնլայն) ուսուցում են կազմակերպում: Դասընթացներ կկազմակերպվեն գործնական շփում, ներկայացման արվեստ, բիզնես ադմինիստրացիայի հիմունքներ, բիզնես պլանի մշակում և շատ այլ թեմաներով:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Համլետ Նավասարդյանը պատմեց, որ օնլայն դասընթացներին մասնակցելու համար ցանկացողները պետք է դիմեն իրենց, ստանան սերվերի համապատասխան տվյալներն ու ինքնուրույն անցնեն ուսուցումը. «Բոլոր կուրսերն անցկացվում են ռուսերենով և անվճար հիմունքներով: Մենք կազմակերպում ենք նաև օնլայն ուսուցումներ համապատասխան հրավիրված դասախոսների մասնակցությամբ»: