29 մարտի 2012 - 17:08 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Թուրք-իսրայելական հարաբերությունները կշարունակեն վատթարանալ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի նպատակը Մերձավոր Արևելքում իր ազդեցության տարածումն է տարածաշրջանի արաբական պետությունների վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի` թուրք-իսրայելական հարաբերությունների զարգացման միտումների մասին հարցին նա պատասխանել է, որ տարածաշրջանում ազդեցության հասնելու համար Թուրքիան փորձում է հակաիսրայելական գաղափարախոսության և պաղեստինյան կազմակերպություններին աջակցելու միջոցով հասնել իր նպատակին: Սաֆրաստյանի կարծիքով, փոխադարձ մեղադրանքների և հարաբերությունների վատթարացման գործընթացները կրում են ոչ թե ցուցադրական, այլ իրական բնույթ: Հակաիսրայելական հայտարարություններին աջակցում են նաև ներսից` մեծ քանակությամբ հակաիսլամական ուժեր: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը իսլամիստական գաղափարախոսության կրող է, և հենց Էրդողանի դիրքորոշումը նպաստում է ևրկու երկրների միջև լարվածության մեծացմանը: Փորձագետի կարծիքով, թուրք-իսրայելական հարաբերությունների հետագա վատացումը բավականին կանխատեսելի է, սակայն դրա միջոցով բաղձալի նպատակին` Մերձավոր Արևելքում ազդեցության տարածմանը, հասնելը դժվար թե իրականություն դառնա: