29 մարտի 2012 - 20:38 AMT
Թեհրան. Իրանի զինված ուժերի հզորությունը թուլացրել է ԱՄՆ ռազմական ուժը տարածաշրջանում

Իրանի իսլամական մեջլիսի ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի զինված ուժերի հզորությունը թուլացրել է ԱՄՆ ռազմական ուժը տարածաշրջանում: Սեյեդ Մոհամադ Հասան Աբութորաբին, մատնանշելով, որ Իրանի պաշտպանական ուժը տարածաշրջանի անվտանգության համար նախադրյալներ է ստեղծում, հավելել է. «Նախկին իրադրությունը Մերձավոր Արևելքում ներկայացնում էր իմպերիալիզմի պատկերը, իսկ ներկայիս իրադրությունը` ժողովուրդների ինքնուրույնության գեղեցիկ պատկերը»:

Աբութորաբին նաև պարզաբանել է, որ ժամանակակից դարաշրջանում իսլամական հեղափոխությունը նոր դուռ է բացել մարդկության, մասնավորապես` իսլամական աշխարհի առջև: «Այդ հեղափոխությունը հաղթել է մարդու հանդեպ նոր հայացքի հիման վրա` հող նախապատրաստելով իսլամական սկզբունքների վերաբերյալ նոր գաղափարների ձևավորման համար»,- ասել է նա, հաղորդում է Fars գործակալությունը: