30 մարտի 2012 - 11:12 AMT
Հունվարին Փարիզում Ցեղասպանության օրինագծի դեմ բողոքի ակցիային մասնակցել են «Գորշ գայլերը»

Հունվարի 21-ին Փարիզում թուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ բողոքի ակցիային մասնակցել են նաև թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամները: Այդ մասին, ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ասվում է Le point թերթում հրատարակված հոդվածում՝ Ֆրանսիայի ներքին հետախուզության կենտրոնական վարչության վրա հղումով:

Ավելին, Վարչության 19-էջանոց զեկույցում հիշատակվում են հիմնական սադրիչների անունները, այդ թվում նաև ոմն Յուսոֆ Զիա Արպաջիկի, որը մասնակցել է «բազում սադրիչ գործողությունների ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնակցել է հայերի դեմ ղարաբաղյան պատերազմին և ամերիկացիների դեմ է պատերազմել Իրաքում»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ: