30 մարտի 2012 - 14:16 AMT
Քաղաքապետարանը հնարավորինս կօգնի Պատրիկ Ֆիորիին Երևանում նախագծեր իրականացնելու համար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ֆրանսիացի հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորիին: Նա Երևան է ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միամսյակին:

Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, մասնավորապես ներկայացնելով ջերմ ու գործնական հարբերությունները Երևանի քույր քաղաքներ Փարիզի և Մարսելի հետ: «Տեղյակ եմ, որ հաճախ եք լինում Երևանում և հուսով եմ, որ ամեն անգամ միայն լավ տպավորություններով ու հիշողություններով եք հեռանում Երևանից»,- նշել է քաղաքապետը: Պատրիկ Ֆիորին իր հերթին նշել է, որ հասցրել է շրջել Երևանում և հիացած է նրանով։

Ֆրանսահայ հանրաճանաչ երգիչը Երևանի քաղաքապետին իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հայ-ֆրանսիական մշակութային նախաձեռնություններին և ցանկություն հայտնել Երևանում անվճար ներկայացումներ կազմակերպելու, ինչպես նաև աշխարհահռչակ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլը Երևանում ևս ներկայացնելու մասին: «Երևանի քաղաքապետարանն ամենայն հնարավորություն կներդնի Ձեր նախաձեռնություններին իր լիազորությունների սահմաններում աջակցելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը Պատրիկ Ֆիորիին հրավիրել է մասնակցելու Էրեբունի-Երևան տոնակատարություններին: