30 մարտի 2012 - 15:12 AMT
Orange Արմենիան և ռուսական MegaFon-ը հեղափոխություն են խոստանում ռոմինգում

Մարտի 30-ին Orange Արմենիա բջջային օպերատորը և MegaFon-ը՝ շարժական կապի ռուսաստանյան ամենամեծ օպերատորներից մեկը, հայտարարեցին ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կկարողանան օգտվել ռոմինգի աննախադեպ սակագներից:

«Ռոմինգի մուտքային և ելքային զանգերի գինը կսահմանվի 30 դրամ»,-հայտարարել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Այսպիսով, ըստ նրա, Orange Արմենիայի բաժանորդները, լինելով Ռուսաստանում և միանալով MegaFon ցանցին, կկարողանան զանգել Orange Արմենիայի ու MegaFon-ի բաժանորդներին և զագեր կստանան նրանից 30 դրամ/ րոպե սակագնով: «Գտնում եմ, որ սա հեղափոխություն է հեռահաղորդակցային ոլորտում, երբ նման գներ են առաջարկվում ռոմինգի համար»,-ասել է նա:

Ռոմինգի բացառիկ սակագները կգործեն ապրիլի 1-ից հունիսի 30-ը, իսկ փորձնական նախագծից հետո երկու ընկերությունների միջև որոշում կկայացվի գործընկերությունը շարունակելու մասին:

Ինչպես նշել է Դյութուան, ընկերությունն ակնկալում է, որ նման սակագնային առաջարկով, որի արժեքն իջել է 20 անգամ, կփոխվի նաև մարդկանց մտածելակերպը և ռոմինգից առաջիկայում կօգտվեն հազարավոր բաժանորդներ:

Իր հերթին MegaFon-ի կորպորատիվ հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Կարեն Ասոյանը հավելել է, որ «Orange Արմենիաի հաճախորդները կկարողանան Ռուսաստանում իրենց զգալ ինչպես տանը ու ազատ շփվել»: «Այդ քայլի նպատակն է ցույց տալ մարդկանց, որ ռոմինգը կարող է զանգվածային ծառայություն դառնալ»,-ասել է նա:

Orange Արմենիայի ու MegaFon-ի հաճախորդները կունենան նաև այլ առավելություններ՝ այլ մուտքային զանգերի և տեղական օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեն կարժենա 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերը՝ 120 դրամ: Orange Արմենիայի բաժանորդները նաև կունենան բացառիկ սակագին ռոմինգում GPRS-ից օգտվելու համար՝ ընդամենը 90 դրամ/ Մբ: