31 մարտի 2012 - 15:51 AMT
Հայաստանը ՀԲ-ից լրացուցիչ 150 մլն դոլար կստանա բարեփոխումների իրականացման համար

Միջազգային ֆինանսական կառույցները դրական են գնահատում այն պարտավորությունների կատարումը, որոնք Հայաստանը ստանձնել է համագործակցության շրջանակում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով մարտի 31-ին կառավարությունում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում:

Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի ֆինանսական ոլորտը, և փարատվել են ֆինանսական հատվածում առկա ռիսկերի վերաբերյալ մտահոգությունները: «Բավականին դրական եզրակացություններ են տրվել մեր մակրոտնտեսական կայունության, ֆինանսական ոլորտի, բանկային համակարգի և վերահսկողության բնագավառի վերաբերյալ, ինչը մեզ համար կարևոր էր: Այժմ ավելի հանգիստ կարող ենք նայել դեպի ապագան»,- ասել է գործադիրի ղեկավարը:

Վարչապետի խոսքով` Համաշախարհային բանկը ևս դրական է գնահատել Հայաստանի կատարողականը երկկողմ ծրագրերի իրականացման գործում: «Դա նշանակում է, որ Համաշխարհային բանկում առաջացող ավելցուկային ֆինանսական միջոցները կվերաբաշխվեն ի օգուտ մեզ և մենք կստանանք մոտ 150 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսավորում, որը կօգնի բարեփոխումների իրականացման գործում»,- ասել է նա:

Դրա հետ մեկտեղ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել նաև Եվրոպական վերակառուցման և զարգացման, ինչպես նաև Ասիական զարգացման բանկերի հետ համագործակցության արդյունքներից: Մասնավորապես, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ 500 մլն դոլարի շրջանակներում կիրականացվեն «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման աշխատանքները: