2 ապրիլի 2012 - 12:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ազատագրված Քարվաճառը 19 տարեկան է

Այսօր՝ ապրիլի 2-ին լրանում է Քարվաճառի ազատագրման 19 տարին: 1993թ. մարտի 27-ին հայկական զորքերը սկսեցին Քելբաջարի ազատագրման գործողությունը: Մարտի 29-ին քաղաքն արդեն պաշարված էր, 3 օրում հայկական ուժերը գրավեցին շրջկենտրոնը: Քաղաքի բնակչությունը տարհանվեց ուղղաթիռներով և հեռացավ լեռնանցքներով: Քելբաջարը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի ու ԼՂՀ միջև, զգալիորեն կրճատվեց ճակատային գիծը, թիկունք ապահովելով Մարտակերտի շրջանին:

Քարվաճառի ազատագրումը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր Հայաստանի ու Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևելյան սահմանների անվտանգության ապահովման համար: Քարվաճառից սպառնալիք կար ինչպես Վարդենիսի, այնպես էլ Մարտակերտի համար: Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու:

Պատահական չէ, որ մինչ Քարվաճառի ազատագրումը Մարտակերտը մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ, իսկ Վարդենիսում հայերն արդեն հավաքում էին առաջին անհրաժեշտության իրերը, Սևան տեղափոխվելու համար: Միայն հայկական զորամիավորումների գրագետ գործողությունների արդյունքում Քարվաճառը ազատագրվեց: Փրկվեցին Վարդենիսն ու Մարտակերտը:

Ինչպես ավելի ուշ հիշում էր ԼՂՀ ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, Լաչինի և Քելբաջարի գործողություններին նախապատրաստվել հայկական ուժերը սկսել էին դեռ ձմռանը: «Թեև բանակցություններ էին ընթանում ադրբեջանական կողմի հետ, մենք գիտեինք, որ հակառակորդն ուղղակի ժամանակ է ձգում՝ պատրաստվելով վճռական հարվածի:

Եվ մենք իրավացի էինք, բանակցությունները ձախողվեցին: Ադրբեջանն ուժերը կենտրոնացրեց Մարտակերտի և Ասկերանի շրջանների հյուսիսում, կենտրոնացնելով այնտեղ շուրջ 5 հազար զինվորների, տանկեր, ծանր հրետանի: Հունվարի վերջում սկսվեցին մարտերը: Հակառակորդը 4 ինքնաթիռ էր գործարկում, որից 2-ը խփվեցին: 12 օր մարտեր էին գնում: Մեր առջև դրված խնդիրը՝ ազատագրել Մարտակերտի բարձունքները, մենք կատարեցինք 90 տոկոսով»:

Քարվաճառի գործողությունն արցախյան պատերազմի բեկումնային պահերից մեկն էր: Քարվաճառը հսկայական ռազմավարական նշանակություն ունի: Այն գերակա դիրք ունի Հյուսիսային Արցախի համեմատ, թույլ տալով վերահսկել տարածքը ընդհուպ մինչև Գանձակ: Քարվաճառի գործողության հաջող ավարտից հետո ռազմաքաղաքական իրավիճակը որակապես փոխվեց:

Ռազմավարական նախաձեռնությունը պատերազմում վերջնականապես անցավ Արցախին, ինչը չէին կարող չհասկանալ միջազգային հանրությունն ու գերտերությունները:

Քարվաճառը հարուստ է հին հայկական հուշարձաններով, որոնք չեն հասցրել ոչնչացնել ադրբեջանցիները: Դրանցից մեկը հայկական ճարտարապետության մարգարիտը համարվող Դադիվանքն է: Վանքը կրում է Թադեոս առաքյալի աշակերտներից մեկի՝ Դադի անունը: Նա հիմնել է վանքը դեռևս 1 դարի վերջում: Պահպանված կառույցների հիմնական մասը թվագրվում է 12-13 դարերով, որը համարվում է վանքի ծաղկման շրջանը: Ներկայումս համալիրը վերականգնվում է

ՖՈՏՈՇԱՐՔ