2 ապրիլի 2012 - 17:36 AMT
ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր բաժինը կսպասարկի ապրիլի 3-ից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի բացման արարողությանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության ղեկավարը ծանոթացել է նոր ստորաբաժանման գործունեությանն ու տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման, վարորդական վկայականների հատկացման գործընթացի բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին: Ոստիկանության գործունեության ոլորտում նորակառույց շենքում գործող այդ բաժինը քաղաքացիներին կսպասարկի ապրիլի 3-ից:

Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և վարորդական վկայականների հատկացման պարզեցված նոր ընթացակարգերի աշխատանքների իրականացմանը ևս:

Ոստիկանության բարեփոխման ծրագրի իրականացման համար ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ: