4 ապրիլի 2012 - 11:13 AMT
ՀՀ վարչապետ. Պատերազմն Իրանում կարող է անդրադառնալ Հայաստանի, ոչ թե Ղարաբաղի իրավիճակի վրա

Ուժային սցենարի իրագործումն Իրանում կարող է անդրադառնալ Հայաստանի իրավիճակի վրա, ոչ թե Լեռնային Ղարաբաղի: Նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: «Իրանը մեր այն երկու հարևաններից մեկն է, որի հետ մենք հարաբերություններ ունենք: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մենք հարաբերություններ չունենք: Միայն Իրանի ու Վրաստանի: Միջազգային պատժամիջոցներն Իրանի հանդեպ խանգարում են նրա տնտեսական կապերի զարգացմանը Հայաստանի հետ: Դա չի բխում մեր շահերից»,-ասել է նա:

Ըստ նրա, հնարավոր ուժային սցենարներն Իրանում սահմանափակում են ՀՀ էկոնոմիկայի դիվերսիֆիկացիայի հնարավորությունները, ավելացնում են աշխարհաքաղաքական ռիսկերը երկրի համար, նվազեցնում են ներդրումային գրավչությունը:

Ավելին, ինչպես վստահեցրել է Տիգրան Սարգսյանը, Հայաստանը պատրաստ է հնարավոր ռիսկերին ու մարտահրավերներին, եթե Իրանը փակի սահմանները: «Մենք ունենք հստակ ազգային դոկտրին, որտեղ նկարագրված են բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները: Ազգային անվտանգության ապահովման տեսակետից մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,-ասել է նա: