4 ապրիլի 2012 - 14:51 AMT
ԵԱՀԿ զեկույցը՝ 2011-ին ղարաբաղյան կարգավորման մեջ իր մասնակցության մասին

ԵԱՀԿ-ն զեկույց է հրապարակել 2011-ին կազմակերպության գործունեության մասին, որում առանձին կետ է նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Ինչպես նշվում է զեկույցում, 2011-ի ընթացքում ԵԱՀԿ համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել փոխզիջման ձեռբերմանն ուղղված խաղաղ բանակցությունները:Անցած տարի Մինսկի խումբը 7 անգամ այցելել է տարածաշրջան և 14 հանդիպումներ անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Միջնորդները նաև 4 անգամ հատել են Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը, դրանով հանդերձ ցուցադրելով, որ շփման գիծը «մարդկանց համար չքանդվող արգելք չէ և որ կողմերի համաձայնության դեպքում լիովին հնարավոր է իրականացնել հրադադարի ռեժիմին հետևելու ռազմական համակարգում»: Միջնորդները նաև բազմիցս հայտարարել են ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման անթույլատրելիության մասին և որ կողմերի քաղաքական կամքը կարևոր նշանակություն ունի խաղաղության հասնելու համար:

Փաստաթղթում նշվում է, որ 2011-ի դեկտեմբերինՎիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում կողմերը համաձայնություն են հայտնել շարունակել բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձևաչափում և աշխատել խաղաղ լուծման հասնելու մթնոլորտի բարելավման վրա: Այդ համատեքստում նրանք համաձայնվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում հետաքննության մեխանիզմների մշակման հարցում: ԱԳՆ ղեկավարները նաև տեղեկացրել են համանախագահներին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են ուղիղ երկխոսության անցկացմանը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

ԵԱՀԿ զեկույցում նաև նշվում է, որ 2011-ի ընթացքում զորքերի շփման գծում արձանագրվել են «քննադատության ենթակա շատ միջադեպեր, որոնք հանգեցրել են մարդկանց մահվան և տարածաշրջանում լարվածության ավելացման»: ԵԱՀԿ համանախագահությունը և Մինսկի խումբը կոչ են արել կողմերին լրացուցիչ, անհապաղ միջոցներ ձեռնարկել հրադադարի ռեժիմին հետևելու, միջադեպերի հետաքննության, դիպուկահարներին առաջնային գծից հեռացնելու ուղղությամբ: