4 ապրիլի 2012 - 15:10 AMT
Կարեն Անդրեասյան: Մենք սպասում ենք արձագանքների

Մարդու իրավունքների պաշտպանի 2011 տարեկան զեկույցն այսօր ներկայացվեց քաղաքացիական հասարակությանը, հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները ներկայացրեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2011 տարեկան զեկույցի և խոցելի խմբերի և քաղաքական իրավուքնների պաշտպանությանն առնչվող 2012-2017թթ. ռազմավարությունները և դրա վերաբերյալ ստացած որոշ արձագանքները:

Ըստ Սահմանադրության, հաշվետվությունը նախ ներկայացվել է պետական մարմիններին, որոնցից մի քանիսն արդեն արձագանքել են:

«Մենք սպասում ենք արձագանքների, դրանք պետք են քննարկման համար, բայց սպասում ենք արձագանքներ որոշակի քայլերի ձեռնարկման տեսքով, ոչ թե խնդիրը լուծելու փոխարեն խնդիրը բարձրացնողին վարկաբեկելով»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանի 2011 թ.-ի տարեկան զեկույցում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները դասակարգված են ըստ 25 պետական մարմինների գործունեույթան ոլորտի: Զեկույցի 25 բաժինները արտացոլում են յուրաքանչյուր մարմնի իրավասությունների տիրույթում արձանագրված բացթողումներն ու թերացումները, որոնց հետևանքով ոտնահարվել են մարդկանց իրավունքները: Զեկույցում ներկայացված են նաև յուրաքանչյուր մարմնի գործունեության արդյունքում արձանագրված դրական զարգացումները, որոնք նպաստել են իրավունքների պաշտպանությանը:

Ներկայացումից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան և քննարկում: