4 ապրիլի 2012 - 18:01 AMT
Ամերիաբանկը ֆինանսավորում է Չարենցավանում մետաղաձուլական գործարանի կառուցումը

Ամերիաբանկը նախաձեռնել է Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի ֆինանսավորում` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ: Հայաստանի Չարենցավան քաղաքում իրականացվում է ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանի կառուցման նախագիծը, որը կյանքի է կոչվում աշխարհահռչակ SIEMENS ընկերության կողմից: Նախագծի արժեքը կազմում է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար, որից 15 մլն ԱՄՆ դոլարը ֆինանսավորվելու է Ամերիաբանկի կողմից: Գործարքի առաջին փուլում Ամերիաբանկը թողարկել է 8.7 մլն եվրոյի չափով փաստաթղթային ակրեդիտիվ:

Ակտիվորեն համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առևտրիֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացնում է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Մենք կարևորում ենք Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP մետաղաձուլական գործարանի կառուցումը, քանի որ այն մեծապես կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ևպողպատյա ամրանների ներմուծման փոխարեն կունենանք մրցունակ հայրենական արտադրանք: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի կողմից հաստատված առևտրի ֆինանսավորման սահմանաչափի շնորհիվ հնարավոր է դառնում նման խոշոր նախագծի իրագործումը մրցունակ պայմաններով»: IFC-ի` Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցիչ Թոմաս Լյուբեքը նշեց. «Այս նախագիծը հրաշալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով աջակցել տնտեսության այլ ճյուղերին, նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին»: