2 ապրիլի 2004 - 23:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԼԻԲԱՆԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Այսօր Երեւանում կայացել է մի շարք միջկառավարական պայմանագրերի ստորագրում Հայաստանի եւ Լիբանանի միջեւ: Այսպես, ստորագրվել են 2004-2007 թվականների համագործակցության ծրագրեր` մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառում: Ստորագրվել է նաեւ փաստաթուղթ` գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Բացի այդ, երկու երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները ստորագրել են Երեւանում անցկացված հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ամփոփիչ արձանագրությունը: Փաստաթղթերի ստորագրման ավարտին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին հայտարարել է լրագրողներին, որ իր երկիրը ձգտում է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ավելացնել ապրանքաշրջանառությունը եւ ամրապնդել կապերը երկու երկրների գործարար շրջանակների միջեւ: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր հերթին նկատել է, որ երկու երկրների կառավարությունները մտադիր են նպաստել կոնկրետ ձեռնարկությունների միջեւ կապերին եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: