«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միության խորհուրդը նամակով դիմել էր Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելու խնդրանքով:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրել են «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքից», ՀՖՖ նախագահը հանդիպել է խորհրդի անդամերի հետ և ծանոթացել խնդրին:
Դաշինքի անդամներն առաջարկում են ստադիոնի մուտքերը, նստատեղերը, սանհանգույցները, ինչպես նաև ավտոկայանատեղերը հարմարեցնել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սա կնպաստի նաև, որ վերջիններս կարողանան օգտվել մարզադաշտի բոլոր ծառայություններից այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի:
Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ ֆեդերացիան միշտ խրախուսել է հաշմանդամություն ունեցող ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ և, որ նրանց համար սովորաբար հատկացվել են տեղեր դաշտին կից վազքուղու վրա կամ առաջին շարքում:
ՀՖՖ նախագահն առաջարկել է մինչև մայիսի 8-ը ներկայացնել կոնկրետ քայլեր և հստակ պահանջներ կապված հարմարեցումների հետ և հայտնել է իր պատրաստակամությունը դրանք ապահովելու համար:
Կազմակերպությունների ղեկավարներն էլ իրենց հերթին առաջարկել են շրջայց կատարել մարզադաշտում` բոլոր հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու և կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար:
Նմանատիպ նամակով «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» դիմել է նաև Երևանի քաղաքապետարան, սակայն դեռ պատասխան չի ստացել: