6 ապրիլի 2012 - 11:41 AMT
«Հայկական ժամանակ». Ոստիկանության պետի տեղակալի ձերբակալությունը կապված է ՀՅԴ անդամից առգրավված զենքի հետ

«Հայկական ժամանակ» թերթը, հղում կատարելով Հատուկ քննչական ծառայությանը մոտ աղբյուրներին, գրում է, որ փետրվարին ոստիկանության հայտնաբերած խոշոր զինանոցը կարող է կապված լինել Հայաստանի Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի ձերբակալության հետ: Ըստ թերթի` այդ զինանոցը, որը հայտնաբերվել է ՀՅ Դաշնակցության անդամ Արշավիր Կարապետյանի մոտ, ոստիկանության զորքերից առևանգված զենք է, և այդ իսկ պատճառով էլ զենքի պահեստի հայտնաբերումից 4 օր անց` մարտի 3-ին, ձերբակալվել է Մանուկյանը: Թերթը նշում է նաև, որ լուրեր կան, թե օրերս ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի տանը կատարված գողությունը ոչ պաշտոնական խուզարկություն է եղել: