6 ապրիլի 2012 - 12:21 AMT
Ինչպես են ծնվում սենսացիաները. Ռուսական աղբյուրները, խոսելով ՌԼԿ մասին, շփոթե՞լ են ռուսական Արմավիրը հայկականի հետ

Ռուսական «ԿՄ» պորտալը, հղում անելով NNK գործակալությանը, հանդես է եկել սենսացիոն նորությամբ՝ ՌԴ-ն Հայաստանում նոր ՌԼԿ է կառուցում, ընդ որում Արմավիրի մարզում: Այդ հաղորդագրությունները մեկնաբանել է Alte Et Certe վերլուծական բյուրոյի (Մոսկվա) ղեկավար Անդրեյ Եպիֆանցևը՝ հայտարարելով, թե «ռուսական ՌԼԿ-ն Հայաստանում կկատարի այն խնդիրները, ինչ և ռադիոլոկացիոն համակարգը ադրբեջանական Գաբալայում»:

Հավանաբար, «ԿՄ» պորտալն ուղղակի շփոթել է Հայաստանի Արմավիրի մարզը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հետ, որտեղ կառուցվել է ՌԼԿ, որի պետական փորձարկումները նախատեսված են 2012 թվականին:

Իսկ Հայստանում ոչ մի ՌԼԿ Ռուսաստանը դեռ չի կառուցում, համենայնդեպս, ոչ պաշտոնական ոչ էլ ոչ պաշտոնական տեղեկություն այդ մասին, նույնիսկ շշուկների մակարդակով, չկա: Հավանաբար, Հայաստանում ռուսական ՌԼԿ կառուցելու գաղափարը սկսեց ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Գաբալայի ՌԼԿ նման ռադիոլոկացիոն կայանի կառուցման հարցը:

PanARMENIAN.Net-ն այժմ փորձում է պաշտոնական մեկնաբանություն ստանալ «Հայաստանում ռուսական ՌԼԿ» թեմայով:

Մոսկվայի և Բաքվի միջև պայմանագիրը Գաբալայի ՌԼԿ օգտագործման մասին ավարտվում է 2012թ.: Ներկայումս կողմերը փորձում են պայմանավորվել այն երկարաձգելու մասին: Ըստ ԶԼՄ-ների, այդ գործընթացը ձգձգվում է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է ավելացնել ՌԼԿ վարձակալության վարձը:

Ռուսաստանը սկսել է ՌԼԿ համակարգի տեղակայումը ԱՄՆ հետ անհաջող բանակցություններից հետո եվրոպական ՀՀՊ համակարգի զարգացման վերաբերյալ: Ենթադրվում է, որ այն շահագործման կհանձնվի այս տարվա մայիսին: Հակահրթիռային համակարգեր կտեղակայեվն Չեխիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Թուրքիայում, Նիդերլանդներում ու Իսպանիայում:

Մոսկվան պահանջում է Վաշինգտոնից իրավական երաշխիքներ, որ ԱՄՆ հրթիռները չեն ուղղվի Ռուսաստանի տարածքի վրա: ԱՄՆ-ն, իր հերթին, երաշխիքներ չի տալիս և հորդորում է Ռուսաստանին հավատալ նրա բանավոր խոսքին: