7 ապրիլի 2012 - 21:46 AMT
Ալեն Դելոնը Armenia Music Awards-ում ստացավ «Լեգենդ» մրցանակը

Լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Մոսկվայում ընթացող Armenia Music Awards 2012 մրցանակաբաշխության ժամանակ ստացավ «Լեգենդ» անունով հատուկ մրցանակ: Դելոնը, ով նկարահանվել է «Թեհրան-43» ֆիլմում, մարմնավորելով ֆրանսիացի ոստիկան Ժորժ Ֆոշին, մրցանակը ստացավ իր խաղընկերուհուց` ՌՍՍՀ ժողովրդական արտիստուհի Նատալյա Բելոխվոստիկովայից և «Արմենիա փրոդաքշն» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանից:

«Շնորհակալություն եմ հայտնում այս պատվի համար, որին ինձ արժանացրիք: Շատ հաճելի է լինել այստեղ և ներկա գտնվել այս միջոցառմանը, չնայած, որ հիվանդանոցից նոր եմ դուրս գրվել», իր ելույթում նշեց դերասանը:

Մոսկվայի Ռոսիա համերգասրահում այժմ ընթանում է թվով յոթերորդ Armenia Music Awards մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցում են հայ և ռուս երգիչներ և երգչուհիներ, ինչպես նաև արվեստի այլ գործիչներ: Ալեն Դելոնն այս շաբաթ սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր, սակայն դա նրան չխանգարեց ներկա գտնվելու մրցանակաբաշխությանը: