9 ապրիլի 2004 - 17:57 AMT
ԱՊՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ «ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ» ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
Նախօրեին տեղի է ունեցել ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի հրամանատարա-շտաբային մարզումները, որոնց մասնակցել են Համագործակցության ութ երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի տարբեր մակարդակի հրամանատարական կետերը, ռազմական ինքնաթիռները, զենիթա-հրթիռային եւ ռադիոտեխնիկական ստորաբաժանումները: Տարբեր երկրների ինքնաթիռները զորավարժություններ են անցկացրել, վերալցավորվել են օդում, փորձել են ներգործել պայմանական ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռի վրա: Ընդսմին, ինչպես տեղեկացնում է «Վրեմյա նովոստեյ» մոսկովյան թերթը, ռուս զինվորականները հերքել են, որ մարզումները հանդիսանում են Լիտվայում ՆԱՏՕ-ի կործանիչների տեղակայման պատասխանը: Նրանց խոսքերով` ՆԱՏՕ-ի հետ կապված խնդիրներ առայժմ չկան, ինչը չի կարելի ասել մոտ հարեւանների մասին: Օրինակ` հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման A-50 ինքնաթիռը (ԱՎԱՔՍ-ի ռուսական նմանօրինակը) ըստ պլանի պետք է աշխատեր Հայաստանի տարածքի վրա, սակայն վրացական կողմը ձգձգեց օդային միջանցքի տրամադրումը, եւ արդյունքում հետախույզը թռիչքները կատարեց Դաղստանում: Իհարկե, նա այնքան վեր բարձրացավ, որ կարող էր տեսնել նաեւ Հայաստանը, նշել են ռուս զինվորականները: