9 ապրիլի 2012 - 16:46 AMT
Ֆլորիդացի հոգևորականը կրկին սպառնում է ի նշան բողոքի այրել Ղուրանը

Ֆլորիդայից հոգևորական Թերի Ջոնսը WABC Radio-ի եթերում Իրանին վերջնագիր է ներկայացրել: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, նա սպառնացել է այրել Ղուրանը, եթե Իրանի իշխանությունները ազատ չարձակեն մահապատժի դատապարտված քրիստոնյա հոգևորական Յուսեֆ Նադարխանիին:

«Եթե նրանք հոգևոր հովիվ Յուսեֆին ազատ չարձակեն մինչև ապրիլի 28-ը, ապա մենք Ղուրանի և Մուհամեդ մարգարեի պատկերների այրման համաշխարհային ակցիայի կոչ կանենք ի նշան բողոքի»,- հայտնել է Թերի Ջոնսը:

Ծրագրի հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Ջոնսը գիտակցում է, որ իր գործողությունները կարող են մահմեդականների կողմից բռնություն հրահրել, ամերիկյան հոգևորականը պատասխանել է, որ ինքը գրեթե ընտրություն չունի: Նա հավելել է, որ իր բողոքը պետք է այդպիսին լինի, որպեսզի գրավի մահմեդական հանրության ուշադրությունը:

Ֆլորիդյան հոգևորականն առաջին անգամ չի սպառնում այրել Ղուրանը: 2010 թվականին` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի նախօրեին, նա առաջարկում էր Ղուրանի հատորներից խարույկ վառել, սակայն ավելի ուշ հրաժարվեց այդ մտքից: