9 ապրիլի 2004 - 23:51 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԲՌՆԻ ՓՈԽԵԼՈՒ ԿՈՉԵՐ ԱՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՒՍ ՄԵԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Երկրի սահմանադրական կարգը բռնությմամբ փոխելու կոչեր անելու մեղադրանքով այսօր ձերբակալվել է Երեւանի բնակիչ Արտակ Գաբրիելյանը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակից ստանալով ապրիլի 9-ի հանրահավաքին մասնակցելու հորդոր պարունակող թռուցիկներ` Ա.Գաբրիելյանը բաժանել է դրանք քաղաքացիներին եւ միաժամանակ կոչ է արել բռնությամբ զավթել պետական իշխանությունը եւ փոխել երկրի սահմանադրական կարգը»: Նման հանցագործությունը, աղբյուրի համաձայն, պատժվում է օրենքով` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխան: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին ապրիլի 8-ին գլխավոր դատախազություն հարկադրաբար բերման ենթարկելուն, ապա, ինչպես նշված է տեղեկագրի մեջ, Դալլաքյանը նախապես հրավիրվել էր դատախազություն` քննվող քրեական գործով որպես վկա ցուցմունք տալու համար, սակայն հրաժարվել է ներկայանալ, ինչն էլ հիմք է հանդիսացել կիրառել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածով նախատեսվող համապատասխան միջոցներ: