11 ապրիլի 2012 - 16:48 AMT
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացվել է համակարգչային լսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ այսօր համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի մասնակցությամբ բացվել է «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությամբ հիմնանորոգված և համակարգիչներով կահավորված լսարանը: Ծրագիրն իրականացվել է հիմնադրամի և նախարարության միջև համագործակցության հուշագրի շրջանակներում:

«Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները և նոր հեռանկարներ է ստեղծում»,- ասել է կրթության և գիտության նախարար: «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ նկատել է, որ իրենց հիմնադրամն աշխատանքներ է կատարում բազմաթիվ ոլորտներում՝ առաջնահերթ սակայն` կրթության ոլորտում: Առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել, ասել է Լևոն Սարգսյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծել է նման հարմարավետ ու տեխնիկապես հագեցած լսարանների կարևորությունը՝ շեշտելով, որ «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվության շնորհիվ բուհում ուսումնառությունը կդառնա ավելի արդյունավետ և կրթության ժամանակակից զարգացումներին ու պահանջին ավելի համահունչ։