11 ապրիլի 2012 - 18:34 AMT
ՕԵԿ-ն առաջարկում է զարգացնել ճշգրիտ գիտությունները

«Oրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ապրիլի 11-ին հանդիպել են կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին կուսակցության գրասենյակից, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ իր քաղաքական ողջ պատմության ընթացքում կուսակցությունը գերակայություն է համարել կրթության և գիտության ոլորտի հիմնախնդիրները: «Մենք բացառիկ ենք ՀՀ Ազգային ժողովում կրթության և գիտության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների թվով, որոնց մի մասը քվեարկվել և ընդունվել են, իսկ մի մասը պիտի դառնան օրենք ապագայում»,-ասել է նա:

Կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դեզի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է այս ուղղությամբ իրականացված աշխատանքի կարևոր նշանակությունը, որի արդյունքում իրավական, սոցիալական պաշտպանվածության տակ առնվեցին նախադպրոցական հիմնարկները, դպրոցները, բուհերն ու գիտական հիմնարկները: Արթուր Բաղդասարյանի համոզմամբ` սոցիալական գործոնով պայմանավորված` անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ծավալները Հայաստանում պետք է մեծացնել:

Գիտության ոլորտում «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է մշակել հատուկ ռազմավարություն` շեշտը դնելով ճշգրիտ գիտությունների զարգացման վրա: Կուսակցության մոտեցմամբ` գիտության ֆինանսավորման ծավալների ավելացումը պետք է լինի կատարված աշխատանքի դիմաց` գիտական աշխատանքներ, հետազոտություններ, վերլուծություններ` անցնելով արդյունքի վրա միտված քաղաքականության: