12 ապրիլի 2012 - 13:36 AMT
Ռուբեն Հայրապետյանը ՀԱԿ-ի մասին. Նրանք ամոթխած կգան կնստեն ու կամաչեն իմ երեսին նայել

«Ես կդադարեմ հարգել Սամվել Ալեքսանյանին, եթե գնա ու Նիկոլի հետ հավասարվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Ալեքսանյանին ուղղված բանավեճի հրավերին, ասաց Ավանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Ռուբեն Հայրապետյանը: Նա նշեց, որ այստեղ «տրամաչափերի» խնդիր կա:

«Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա Նիկոլի առաջնորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, նստի ու բանավիճի: Եվ Սամվել Ալեքսանյանը կապացուցի՝ ինքն է այս երկրի համար ավելի օգտակար, թե Նիկոլը: Սամվել Ալեքսանյանն ունի Նիկոլի նման տասնյակ հազարավոր աշխատողներ: Կարող ա՞ Սամվելը վախենում է նրանից, թե խելքն է նրանից պակա՞ս: Լեզվի արագության տակ հայհոյելը, սրան-նրան վիրավորելը չի նշանակում, որ խելք ունի»,- մանրամասնեց Հայրապետյանը:

Լրագրողների այն հարցին, թե կա արդյոք քաղաքական դաշտում մեկն, ով իր ներկայությամբ պետք է ամաչի, Հայրապետյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը ծերից-ծեր»: Իսկ ինչպե՞ս է Հայրապետյանը պատրաստվում համագործակցել ՀԱԿ-ի հետ օրենսդիրում. «Նրանք ամոթխած կգան կնստեն ու կամաչեն իմ երեսին նայել»: