15 ապրիլի 2004 - 19:00 AMT
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի այն հայտարարությունը, թե իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը ներկայիս վարչակազմի անունից հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման աջակցությամբ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը, այդ մասին դեսպանը հայտարարել է երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես չգիտեմ, թե պաշտպանության նախարարները զրույցի ժամանակ ինչի մասին են խոսել, ինչի մասին` ոչ: Սակայն կարող եմ վստահորեն ասել, որ Դոնալդ Ռամսֆելդը չէր կարող նման բան հայտարարել. մենք շատ զգույշ ենք այդ առնչությամբ մեր հայտարարություններում, հատկապես հակամարտող երկրների արտգործնախարարների հանդիպման նախօրեին»,- հայտարարել է դեսպանը: