12 ապրիլի 2012 - 18:09 AMT
Զոլյանն ակնկալում է, որ Աշոտյանը մի օր վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ

ԵՊԼՀ ռեկտորի պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատողության հետ կապված՝ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը պարզաբանող հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարի հրամանի արդյունքում ստեղծված իրավիճակը զուտ աշխատանքային բնույթ է կրում, և չնայած ԶԼՄ-ների բազմաթիվ շահարկումներին, կապված չէ որևէ քաղաքական գործընթացի կամ ուժի հետ:

«Ես շատ լավ գործնական հարաբերություններ ունեմ ընտրապայքարում մասնակցող համարյա թե բոլոր հիմնական քաղաքական ուժերի հետ: Հնարավոր շահարկումներին վերջ դնելու համար ցանկանում եմ շեշտել իմ խորին հարգանքը ՀՀ Հանրապետական կուսակցությանը, որի շարքերում ունեմ բազմաթիվ ընկերներ, և հատկապես ցուցակը գլխավորող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ»,- նշում է Զոլյանը:

Բուհի ռեկտորը նշում է, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանի օրինականությունը վիճարկելու նպատակով դիմել է ՀՀ վարչապետին և դատական մարմիններին: Նա նշում է, որ զերծ է մնալու այս առնչությամբ հավելյալ մեկնաբանություններից. «Միաժամանակ ողջունում եմ պարոն Աշոտյանի պատրաստակամությունը՝ ներկայանալ դատարան և այնտեղ փորձել «ապացուցելու, որ կրթության նախարարության կողմից տարվող քաղաքականությունը ՀՀ օրենսդրության խստագույն պահպանության շրջանակներում է»։

Ռեկտորի հաջորդ դիտարկումը վերաբերում է Աշոտյանի այն հայտարարությանը, ըստ որի Զոլյանը փորձում է «սեփական՝ իրավական առումով ապիկարությունը քողարկել անձնական վիրավորանքով». «Առաջարկում եմ նախօրոք պայմանավորվել, որ եթե դատաքննության ընթացքում պարզվի՝ մեզանից ով է «իրավական առումով ապիկարը», ապա «այդ ապիկարը» պարտավորվում է այլևս չզբաղեցնել ղեկավար կամ ներկայացուցչական պաշտոն: Ես պարտավորվելու եմ վերադառնալ դասախոսական և գիտական գործունեությանը՝ ակնկալիքով, որ պարոն Աշոտյանը վերջապես կզբաղվի բժշկական գործունեությամբ»: