12 ապրիլի 2012 - 18:14 AMT
ՍՏՀԿ ԽՎ-ում նախագահությունը մայիսին Հայաստանից կանցնի Ադրբեջանին

Մայիսին Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԿ ԽՎ) 39-րդ հերթական նիստը, և նախագահությունը Հայաստանից կանցնի Ադրբեջանին:

Դրանից հետո նոյեմբերին Բաքվում տեղի կունենա ՍՏՀԿ ԽՎ նիստը: Այդ մասին ապրիլի 12-ին Trend-ին հայտնել է ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, ՍՏՀԿ ԽՎ նախագահի տեղակալ Ասաֆ Հաջիևը:

Երևանում նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցի առիթով Հաջիևն ասել է, որ կանոնների համաձայն, Ադրբեջանին պետք է ուղարկվի պաշտոնական հրավեր:

ՍՏՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն է:

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանի ներկայացուցիչներից ով է ժամանելու Երևան, որպեսզի Հայաստանից ստանա ՍՏՀԿ-ում նախագահությունը, հաշվի առնելով այն, որ ադրբեջանական խորհրդարանի խոսնակները չեն մեկնում Երևան, Մինասյանն ավելի վաղ ասել է, որ հավանական է, նա կրկին կլինի ՍՏՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիևը:

Ռոտացիայի կանոնների համաձայն, ՍՏՀԿ ԽՎ-ում նախագահությունը յուրաքանչյուր կես տարին մեկ այբբենական կարգով մի երկրից անցնում է մյուսին: ՍՏՀԿ ԽՎ վերջին նիստը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին Տիրանայում (Ալբանիա):