13 ապրիլի 2012 - 17:08 AMT
Եվգենի Կասպերսկին անհանգստացած է Mac աշխարհում Flashback տրոյական վիրուսի ակտիվացմամբ

Ռուս փորձագետ, «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին մտահոգություն է հայտնել Mac հանրության կիբերանվտանգությամբ: Առիթ է ծառայել Flashback տրոյական վիրուսով վարակվելը: Slon.ru-ի հաղորդագրության համաձայն, այդ վիրուսով վարակված են Apple-ի ավելի քան 700 հազար համակարգիչներ:

Apple- ն օգտագործողներին արդեն շտապ օգնություն է խոստացել վիրուսից, բայց տրոյական վիրուսի ոչնչացման ծրագիրն առայժմ մշակվում է: «Mac պլատֆորմի գերազանցությունը վերջապես իրականում ճանաչել են կիբեր հանցագործները»,- ասել է Կասպերսկին:

«Կիբեր հանցագործությունը բիզնես է: Բիզնեսին բնորոշ է գումար վաստակել այնտեղ, որտեղ դա ավելի հեշտ է և շահութաբեր»,- կարծում է Կասպերսկին:

Առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվում iOS բջջային օպերացիոն համակարգի հետ. «Ի տարբերություն Mac օպերացիոն համակարգի, iOS-ի համար անհնար է հակավիրուս գտնել»,- նշում է փորձագետը: Նրա խոսքով, Apple-ը երկար տարիներ մոլորության մեջ է գցել իր օգտագործողներին «Mac» ՕՀ անվտանգության վերաբերյալ: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ էյֆորիայի մեջ ընկերությունն ինքն իրեն համոզել է, որ Mac-ն անխոցելի է»,- ասել է Կասպերսկին: