19 ապրիլի 2004 - 19:01 AMT
ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ
Հայաստանին այսօր հարկավոր է արարում, այլ ոչ թե ավերում: Այդ մասին ասվում է Մոսկվայում կայացած Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի հիմնադիր նիստի մասնակիցների կողմից Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի առնչությամբ ընդունված հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների կարծիքով, Հայատանում ստեղծվել է անսովոր հասարակական-քաղաքական իրադրություն: «Ընդդիմությունն իր շահադիտական նպատակներով եւ արտաքին հովանավորների աջակցությամբ հասարակության աննշան մասին հրահրում է ապօրինի եւ հակաազգային գործողությունների: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրի առջեւ դրված են բարդ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Դրա համար անհրաժեշտ են հասարակության համախմբումը, յուրաքանչյուրի նպատակաուղղված եւ ամենօրյա աշխատանքը»,- ասվում է հայտարարության մեջ: Գտնելով, որ Հայաստանին այսօր արարում է հարկավոր, այլ ոչ թե ավերում` հայտարարության հեղինակները կոչ են արել երկրի բնակիչներին «չենթարկվել սադրանքների ու անպատասխանատու ավերիչ կոչերի, սատարել լեգիտիմ իշխանություններին ու օրինական ընտրված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին`
ժամանակի բարդ մարտահրավերներին արժանի պատասխան տալու նպատակով»: Նիստի մասնակիցների անունից հայտարարությունը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը եւ Աշխատավորների ինքնակառավարման կուսակցության նախագահ Լեւոն Չախմախչյանը: