16 ապրիլի 2012 - 21:33 AMT
Ապրիլի 17-ին Երևանում տեղի կունենա «Բարեկամության անկեզ մորենի» վավերագրական ֆիլմի պրեմիերան

Ապրիլի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում և Հայաստանի մշակույթի նախարարությունը կներկայացնեն «Բարեկամության անկեզ մորենի» վավերագրական ֆիլմը, որը ստեղծվել է Հայաստանի Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության լիազորված դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հովանու ներքո:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ներկայացուցչության մամլո ծառայությունը, ֆիլմը պատմում է հայոց ազգի հարուստ ստեղծագործական ներուժի մասին` ի դեմս նրա երիտասարդ սերնդի, վառ արտահայտված ստեղծագործական ընդունակություններով, տաղանդով երեխաների մասին:

Ֆիլմի շնորհանդեսին, հավանաբար, կմասնակցեն Հայաստանի Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության լիազորված դեսպան Վյաչեսլավ Կովալենկո, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ականավոր գիտնականներ, մշակութային, արվեստի գործիչներ, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ռուսաստանյան հայրենակիցներ և, իհարկե, ֆիլմի հերոսները: Սցենարի հեղինակ և ռեժիսորը Արմեն Ռոնովն է, նախագծի հեղինակները` Վիկտոր Կրիվոպուսկովը, Մայա Բագդասարովան, Արմեն Ռոնովը: