22 ապրիլի 2004 - 00:14 AMT
ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրան-Հայաստան գազամուղի շինարարության շուրջ բանակցային գործընթացն ավարտվել է: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով` գազամուղի շինարարության վերաբերյալ հիմնական պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս` Իրանի գազի եւ նավթի նախարարի Երեւան կատարելիք այցի ընթացքում: Ա.Մովսիսյանը նշել է, որ գազամուղի հայկական հատվածի շինարարությունը գնահատվել է շուրջ 100 մլն դոլար: Ծախսերի մի մասը նախատեսվում է փակել վարկերի հաշվին, մնացած մասը` դրամաշնորհների: Ընդսմին նախարարը գերադասել է չնշել ֆինանսավորման աղբյուրները` մինչեւ պայմանագրի ստորագրումը: Ա. Մովսիսյանն ավելացրել է, որ Հայաստանի կառավարությունը գազամուղի շինարարության նախագիծը չի դիտում որպես Հայկական ԱԷԿ-ին այլընտրանք: