17 ապրիլի 2012 - 13:17 AMT
Շվեյցարիայի հայ համայնքը մտադիր է հասնել նրան, որ Էգեմեն Բաղիշի դեմ գործ հարուցվի

Հայ համայնքը պահանջում է Շվեյցարիայի կառավարությունից այնուամենայնիվ քրեական գործ հարուցել Թուրքիայի ԵՄ գծով նախարար Էգեմեն Բաղիշի դեմ, որն իրեն թույլ է տվել հրապարակավ ժխտել Հայոց ցեղասպանությունը: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի քարտուղար Սարգիս Շահինյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Գլխավոր դատախազության որոշումը՝ դատախազությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել Բաղիշի դեմ նրա դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով, հայտնում է Nouvelles d'Armenie-ն: Մինչ այդ Բաղիշի դեմ քրեական գործ էր հարուցվել Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտություններ: Գործը հարուցվեց, երբ ընթացիկ տարվա հունվարի Դավոսի տնտեսական համաժողովում նախարարն իրեն թույլ տվեց ասել, թե Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Սակայն, ավելի ուշ քրեական գործը կարճվեց:

«Շվեյցարիայի ԱԳՆ հետ բանակցություններից հետո դատախազությունն այն եզրակացության եկավ, որ Բաղիշի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, քանի որ, նա որպես նախարար դիվանագիտական անձեռնմխելիություն ունի Շվեյցարիայի տարածքում»,-ասվում է Շվեյցարիայի դատախազության հայտարարության մեջ:

Իր հերթին Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի համանախագահ Անդրեաս Դրեյշեբները վրդովմունք հայտնեց Շվեյցարիայի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ: «Թուրք նախարարը բացահայտ ու միտումնավոր կերպով խախտեց Շվեյցարիայի օրենքը՝ ռասիստական արտահայտություններ թույլ տալով: Իսկ մենք տնտեսական հարաբերությունները մարդու իրավունքներից վեր դասեցինք, ինչն ուղղակի վրդովեցուցիչ է»,-հայտարարել է նա՝ կասկած հայտնելով, որ դիվանագիտական անձեռնմխելիության կիրառումն իրավաչափ է, քանի որ Դավոսի տնտեսական համաժողովը մասնավոր միջոցառում է: