17 ապրիլի 2012 - 12:34 AMT
The Gallup. ՀՀԿ-ին ձայնը պատրաստ է տալ հարցվածների 34 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 28 տոկոսը

Ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ին ձայնը պատրաստ է տալ հարցվածների 34 տոկոսը, ԲՀԿ-ին՝ 28 տոկոսը, ՀԱԿ-ը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն գրեթե հավասար հնարավորություններով կանցնեն խորհրդարան, իսկ «Ժառանգության» բախտը կորոշվի քարոզարշավի ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Արմնյուզ» հեռուստաընկերության նախաձեռնությամբ, The Gallup կազմակերպությունը և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան համատեղ իրականացված Հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի արդյունքները ներկայացրեց Gallup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն:

Հարցումն իրականացվել է 2012 ապրիլի 4-10-ը, որին մասնակցել է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 1018 բնակիչ: Հիմնական նպատակն է եղել պարզել Հայաստանի բնակչության հասարակական-քաղաքական տրամադրությունները 2012-ի խորհրդարանական և 13-ի նախագահական ընտրությունների նախաշեմին:

Հարցման ընթացքում նաև պարզվել է, որ հարցվածների 58 տոկոսը մասնակցելու է ընտրություններին, 30 տոկոսը հավանաբար կմասնակցի, իսկ մնացած մասը դեռ չի որոշել:

Հայաստանի համար որպես առաջնային հարցվածները նշել են սոցիալական խնդիրները՝ աշխատատեղերի բացակայության գլխավորությամբ: Հաջորդում են կոռուպցիոն խնդիրները: