17 ապրիլի 2012 - 14:28 AMT
Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգությունը» առաջատարը կլինի համամասնական ընտրակարգով

«Մենք գտնում ենք, որ համամասնական ընտրակարգում առաջատարն ենք լինելու»,- ապրիլի 17-ին մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` զանազան մարզերում հանդիպումներն ընտրողների հետ ավելի քան ակտիվ են ընթանում, բնակչությունը բավական ջերմ է վերաբերում կուսակցությանը: Ելնելով դրանից` «ներկա փուլում մեր ակնկալիքները գերազանցում են այն, ինչ մենք ակնկալում էինք նախքան քարոզարշավի մեկնարկը»,- հայտնել է Մարտիրոսյանը: Նախընտրական մրցապայքարը ընդհանուր առմամբ վատ չի ընթանում, թեև դա հարաբերական է, քանի որ, նրա խոսքով, առկա է վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործում, կաշառքներ և այլն:

«Դրական է պետք գնահատել այն փաստը, որ «Ժառանգության» թեկնածուները, չնայած այլ կուսակցություններից որոշ թեկնածուների պահվածքին, իրենց արժանապատիվ են դրսևորում, չեն խախտում ոչ մի օրենք և վարքի նորմ»,- նշել է Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ այս ընտրությունները, այնուամենայնիվ, տարբերվելու են նախորդներից նրանով, որ ընտրությունների օրը ընտրատեղամասերում ծեծկռտուքի և կռվի որևէ դեպք տեղի չի ունենա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):