17 ապրիլի 2012 - 14:04 AMT
Վերջնական ընտրացուցակները կհրապարակվեն մայիսի 4-ին

Վերջնական, ճշտված ընտրացուցակները պատրաստ կլինեն ու կհրապարակվեն մայիսի 4-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը. «Քաղաքացիները մինչև մայիսի 1-ը իրավունք ունեն դիմել անձնագրային վարչություն ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումով, վարչությունը պարտավոր է ընտրողին գրավոր կերպով ծանուցել պատասխանը»:

Վարչության պետը նշեց, որ անճշտությունները ուղղելու համար երեք ուղղությամբ աշխատանք է տարվում` օգտագործվում են կուսակցությունների շտաբերի տվյալները, կատարվում է մամուլի ամենօրյա մոնիտորինգ և հենց ոստիկանության աշխատանքները. «Ընտրացուցակներում արդեն իսկ 2000-ով պակասել է ընտրողների թիվը` մահացած մարդկանց տվյալները հայտնաբերելու և ընտրացուցակներից հանելու հաշվին, ու ևս 1000 մարդ, ովքեր հաշվառումից դուրս են մնացել»:

Հովհաննես Քոչարյանը նշեց նաև, որ քաղաքացիները պարտավոր են հասցեների, հաշվառումից դուրս գալու մասին տեղեկությունները ներկայացնել համապատասխան մարմիններին, դա նրանց պարտականությունն է. «Եթե, օրինակ, քաղաքացին 6 ամսից ավելի բնակվում է այլ վայրում, ապա պարտավոր է տեղի հյուպատոսարանում տալ իր տվյալները, որպեսզի իրեն հանեն հաշվառումից»: