Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ)հերթական նիստը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Խորհուրդն անդրադարձել է հեռահաղորդակցության ոլորտում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին: Առաջարկվել է ներկայացնել ոլորտի ենթակառուցվածքների զարգացման նոր մեխանիզմներ և այդ համատեքստում վերացնել օրենսդրությունում առկա բացերը:
Քննարկվել են նաև պետական գնումների և մրցույթների ոլորտում առկա խնդիրները: Առաջարկվել է ստեղծել միասնական վեբկայք, որտեղ ներկայացված կլինեն բոլոր մրցույթները, դրանց մասնակիցների ցանկը և արդյունքները:
Քննարկվել է նաև հայատառ ստեղնաշար ստեղծելու հարցը, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է այս հարցի շուրջ ձևավորել միասնական մոտեցում և պայմանավորվել հայատառ ստեղնաշար արտադրողների հետ` Armenian Typewriter կամ Armenian Phonetic օգտագործելու մասին: