27 ապրիլի 2004 - 18:22 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՍԱԴՐԱՆՔ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ
«Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մտադրությունը` մայիսի 8-ին «խաղաղ երթ» կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ, սադրանք իրականացնելու նպատակ է հետապնդում: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, նման կարծիք են հայտնել Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ում: «Իմանալով գործողության նախաձեռնողներին, որոնք ամենեւին աչքի չեն ընկնում խաղաղասիրությամբ, կարելի է միանշանակորեն եզրակացնել, որ նրանց հետապնդած միակ նպատակը սադրանք իրականացնելն է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա, կամ էլ երթի ընթացքում, եթե վերջինս տեղի ունենա»,- նշել են ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունում: Այս կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում ուշադրություն են հրավիրել երթի նախաձեռնողների կողմից հռչակված «հողերի ազատագրման սուրբ պայքարին ժողովրդի մոբիլիզացման» կոչին: «Այսպես կոչված խաղաղ երթն իր էությամբ ագրեսիվ է եւ թշնամական, իր մեջ իրական խաղաղարար ներուժ չի պարունակում եւ հազիվ թե կարող է վստահության մթնոլորտ ձեւավորել երկու ժողովրդների միջեւ», - գտնում են ԼՂՀ ԱԳՆ-ում: