18 ապրիլի 2012 - 17:19 AMT
ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այցելել է ՀԱԷԿ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է նախարարության մամծո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության հարցերը, մասնավորապես՝

• քննարկվեցին Հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները:

• ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերում աշխատանքների իրականացման, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լիցենզավորման համար պատրաստված փաստաթղթերի գրախոսման, կադրերի վերապատրաստման հարցերը:

• ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարողությունների ուժեղացման, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերի լիցենզավորման աշխատանքներին տեխնիկական աջակցման հարցերը:

• Քննարկվեցին նաև ՀՀ-ում ճառագայթային թերապիայի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերը:

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն այցելեց նաև Հայկական ատոմային էլեկտրակայան և շրջայց կատարեց ԱԷկ-ի գործող էներգաբլոկում: ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը ներկայացվեցին հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով ներդրված միջոցառումները և կատարվելիք աշխատանքները:

Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին դարձել է ՄԱԳԱՏԷ-ի լիիրավ անդամ և մինչ օրս ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում և ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները: